«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:

Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը:

«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում:

Թանգարանի ճարտարապետներն են Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, շենքի քանդակային լուծումների հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը: 1968-1969 թվականներին Արա Հարությունյանն իր հարթաքանդակներով ձևավորում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝  «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»): Թանգարանի քանդակային ձևավորումը  հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով: Էրեբունի թանգարանի քանդակազարդման համար 1970 թվականին Արա Հարությունյանը թանգարանի շենքի հարթաքանդակների համար արժանացել է ԽՍՀՄ ճարտարապետների միության դիպլոմի: