Գարունն իմ աչքերով

Ես գարնանը միշտ սպասում եմ, որովհետև իմ ծնունդն  հենց գարնանն է: Գարունը կարծես իմ բնավորությունն ունենա՝ նա էլ իմ պես մեկ ջերմ է, լի վառ գույներով, մեկ էլ  հանկարծ մութ ամպերն են կուտակվում և գոռգոռում մինչ անձրևելը:

Ես ու մայրիկս, երբ զրուցում ենք գարնան մասին նա հաճախ է ինձ համեմատում գարնան հետ: Բայց այսօր ես կպատմեմ իմ գարնան հեքիաթի մասին, այն հեքիաթի, որը մայրիկիս եմ պատմել…

Գարնան իմ հեքիաթում, երբ աչքերդ բացում ես առաջինը չարաճճի ճնճղուկներին ես դիմավորում, նրանց վառ երգը իսկական հրաշք է: Փորձիր շրջել իմ հեքիաթային այգում ու կտեսնես գույնզգույն բողբոջներ, որոնք կարծես իրենց փոքրիկ աչուկներով քեզ են նայում ու այդ գույների մեջ նույնքան վառ ու հետաքրքիր են բույրերը, այնքան թարմ ու այնքան տարատեսակ բույրեր: Գարնան իմ հեքիաթային այգում ամենաշատը սիրում եմ թարմ խոտին պառկած նայել երկնքում վառվող արևին, նայում ես, բայց շատ չես կարող այրում է, իսկ հետո երբ շուրջդ ես նայում կարծես գարնան գույները մի քանի րոպե անհետանում են, դա արևն է զգուշացնում, որ իրեն երկար չնայես:

Դե ինչ փակեք ձեր աչքերը ու տեսեք իմ գարնանային հեքիաթը, ես արդեն իմ հեքիաթում եմ…